
Մոտեցող Զատիկի տոնը մշտապես ասոցացվում է «Կուլիչի» հետ:
«Կանապես» քեյթրինգը կիսվում է իր յուրահատուկ բաղադրատոմսով նրանց հետ, ով ցանկանում է առաջին անգամ «Կուլիչ» պատրաստել:
Բաղադրիչներ
Խմորի համար՝
Շաքարավազ – 25 գր
Աղ – 10 գր
Ձու – 3 հատ
Ալյուր – 300 գր
Կարագ – 150 գր
Չամիչ, չիր – ըստ ճաշակի
Օշարակի համար՝
Ջուր – 80 գր
Ռոմ – 20 գր
Շաքարավազ – 100 գր
Կիտրոնի կամ նարնջի կեղև – 10 գր
Ջնարակի համար՝
Ձվի սպիտակուց – 50 գր
Շաքարավազ – 200 գր
Կիտրոնի հյութ – 10 գր
25 գր շաքարավազը հարում ենք 10 գր աղի, 3 ձվի և 300 գր ալյուրի հետ: Խմորը հունցելուց հետո ավելացնում ենք նախապես հալեցված կարագը: Կարելի է նաև նախապես ավելացնել չամիչ, ծիրանի կամ պարզապես որևէ այլ չիր: Պատրաստի խմորը մեկ ժամով դնում ենք ցանկացած տաք վայրում: Այնուհետև խմորը տեղավորում ենք 250 գր ծավալով ձևամանների մեջ և պահում ենք տաք վայրում ևս 30 րոպե: «Կուլիչները» տեղափոխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 20 րոպե:
Պատրաստում ենք օշարակը: Իրար ենք խառնում ջուրը, ռոմը, շաքարավազը և կիտրոնի կամ նարնջի կեղևը: Տաք «Կուլիչները» պատում ենք օշարակով:
Այնուհետև պատրաստում ենք ջնարակը:
Հարիչով հարում ենք շաքարավազը, ձվի սպիտակուցը և կիտրոնի հյութը: Լցնում ենք «Կուլիչի» վրա
Բարի ախորժակ և լուսավոր Զատիկ
«Կուլիչը» հանդիսանում է մեծ լուսավոր քրիստոնեական տոնի՝ Զատիկի անփոխարինելի հացային խորհրդանիշը:
Ըստ հնագույն լեգենդի, «Կուլիչը» հանդիսանում է Փրկիչ Հիսուս Քրիստոսի հիշատակի խորհրդանիշը: Ուսուցչի մահից հետո, նրա աշակերտները ընթրիքի ընթացքում ազատ էին թողնում նրա տեղը և հաց էին դնում այնտեղ: Այդպես առաջացավ և առ այսօր գոյություն ունի, այսպես կոչված, «Եկեղեցական հացը»:
Համաձայն կրոնական կանոնների, «Կուլիչ» պատրաստելիս հարկավոր է հետևել մի շարք կանոնների: Այսպես օրինակ, այն հարկավոր է թխել Զատիկին նախորդող հինգշաբթի օրը (Ավագ հինգշաբթի), և բացառապես այն բանից հետո, երբ տունը ամբողջությամբ կհավաքվի: Առաջին հերթին, դա վերաբերվում է հոգևոր կարգ ու կանոնին: Նախքան «Կուլիչ» պատրաստելը անհրաժեշտ է ազատվել վատ մտքերից և աղոթել: Զատիկի հացը հանդիսանում է մեր մեղքերի համար իրեն զոհաբերած Քրիստոսի մարմնի խորհրդանիշը, իսկ դա նշանակում է, որ մոտենալ «Կուլիչի» պատրաստմանը ինչպես սովորական թխվածքի ոչ մի դեպքում չի կարելի: